Այն, ինչ տպագրվել է ֆրանսիական «Նուվել դ՛Արմենի» ամսագրում, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, իր կայքում գրում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը:
Չնայած ֆրանսիահայ լրագրող Սեդա Մավյանը հրաժարվել է հարցազրույց տալ, այնուամենայնիվ, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած և հրապարակված ցանկացած միտք և արտահայտություն իրականում հնչել է գործարարի կողմից:
ԳԱԼԱ-ի թղթակցի այն դիտարկմանը, թե այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պարբերաբար հղում են անում այն լրատվամիջոցներին, որոնք դիմել են ամսագրին, սակայն դեռ պատասխան չեն ստացել և դա տարօրինակ ու կասկածելի են համարում, ֆրանսիահայ լրագրողը արձագանքել է.
«Մինչ այս առավոտ ոչ ինձ, ոչ էլ մեր խմբագրություն որևէ մեկը չի դիմել»:
Սեդա Մավյանը նշել է, որ առավոտյան խոսել է «Նուվել դ՛Արմենի» պարբերականի խմբագրության ներկայացուցչի հետ, ով ևս մեկ անգամ հաստատել է, որ ոչ մի լրատվամիջոց և անհատ ձայնագրություն տրամադրելու կամ այլ պահանջներով իրենց չի դիմել:
Հիշեցնենք, որ հարցազրույցի հայերեն տարբերակում Ռուբեն Հայրապետյանի պատասխաններից մեկում հետևյալ տողերն էին տեղ գտել. «Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն»:
Գագիկ Ծառուկյանի մամուլի ծառայությունը հաղորդել է, թե ԲՀԿ առաջնորդը զանգահարել է այդ հարցով Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս ասել է, որ հարցազրույցի ժամանակ նման արտահայտություն չի արել և այդ հատվածը իրականության չի համապատասխանում: