Հալեպում կրակոցից ևս մեկ հայ է զոհվել՝ Ժորժ Թոփալակյանը։ Այդ մասին երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ Հալեպի օդանավակայանի ճանապարհին ապստամբների կրակոցներից զոհվել էր 4, վիրավորվել՝ 11 սիրիահայ:
Տիգրան Բալայանի փոխանցմամբ` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվածներն են` Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը և Մեսրոպ Աճեմյանը:
Սիրիահայ Րաֆֆի Թաշճյանի տվյալներով՝ զոհվածներից 3-ը Հայաստանից էին մեկնել Հալեպ, իսկ չորրորդ զոհը` Արսեն Փեփեջյանը, դիմավորելու էր գնացել որդուն` Հրաչ Փեփեջյանին:
Րաֆֆին կապ է հաստատել Հալեպի հայկական թաղամասերում պարեկություն անող հայերի հետ, ովքեր փոխանցել են, որ 11 վիրավորների վիճակը արդեն լավ է, նրանք գտնվում են ֆրանսիական հիվանդանոցում: