2,5 հազար տարի անց Աթենքի Ակրոպոլիսի մոտ գտնվող աշխարհի հնագույն թատրոններից մեկում՝ Դիոնիսոսում, կրկին կբեմադրվեն հին հույն ողբերգակ Էսքիլոսի գործերը և կհնչի երաժշտություն: Երգահան և դաշնակահար Յորգոս Կուրեպոսի կողմից բեմադրված «Մենախոսություններ» ներկայացման ընթացքում հատվածներ կհնչեն «Շղթայված Պրոմեթևսը» ողբերգությունից, կհնչեն նաև Յանիս Քսենակիսի, Վիվալդիի և Գլյուկի երաժշտական ստեղծագործությունների կատարումներ:
Կենտրոնական հնագիտական խորհրդի պահանջով՝ հանդիսատեսի քանակը սահմանափակ կլինի, ոչ ավելի, քան 500 մարդ, սակայն կազմակերպիչները նշում են, որ մեկ ժամանոց համերգը կկարողանան լսել նաև Դիոնիսոսի թատրոնի մոտակայքում գտնվող անցորդները: Հնագիտական գոտի անցնել կարող են միայն նրանք, ում կհաջողվի տոմս ձեռք բերել:
Դիոնիսոսի թատրոնը աշխարհի ամենահին թատրոններից է, կառուցվել է մ.թ.ա 6-րդ դարում և մոտ 150 հազար հանդիսական է տեղավորում: 2009 թվականից «Դիոնիսոսը» ռեստավրացիայի տակ է գտնվում, նախատեսվում է ավարտել այն երեք տարում: Ի դեպ, հունական իշխանությունները չէին նախատեսում ռեստավրացիայից հետո թատրոնն ուղիղ նշանակությամբ օգտագործել: