Այն մարդիկ, ովքեր լուրեր են տարածում, թե ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ հանդես կգա սեպտեմբերի 21-ին առաջնորդվում են ստերեոտիպերով: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Նրանց կարծիքով, եթե 2007 թվականին առաջին նախագահը խոսել է իր առաջադրման մասին սեպտեմբերի 21-ին՝ ՀՀՇ-ի կողմից կազմակերպվող ավանդական ընդունելությանը, ուրեմն՝ նույն բանն էլ պետք է անի հիմա: Ես կառաջարկեմ իրենց այդքան պրիմիտիվ ստերեոտիպերով երբեք չառաջնորդվել», – ասել է Զուրաբյանը:
«ՀԺ»-ի թղթակիցը ՀԱԿ համակարգողին խնդրել է նաև մեկնաբանել մամուլում տարածված այն լուրերը, թե Կոնգրեսը նախորդ շաբաթ պետք է քննարկեր նախագահի թեկնածուի հարցը և որոշում կայացներ:
«Իսկ ո՞վ ասաց, թե նման քննարկում եղել է շաբաթ օրը: Ցավոք սրտի, մամուլը կամ նրա զգալի մի հատվածն ապրում է քաղաքական իրողությունից կտրված մի իրականության մեջ, որտեղ ինքը մոգոնում է ինչ-որ իրադարձություններ, ինքը քաղաքական գործիչներին վերագրում է ինչ-որ մտադրություններ, իսկ հետո չեղած, չկատարված կանխատեսումները մեկնաբանում է», – պատասխանել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կլինեն մինչև առաջադրումների ժամկետը: Նշենք, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 24-ին: