Եկատերինբուրգում 8-11 տարեկան երեխաների համար սեքս-հանրագիտարանի հրատարակիչը հայտարարել է, որ դադարեցնում է սկանդալի պատճառ դարձած և բողոքի ալիք բարձրացրած գրքի թողարկումը:
«Ինչպես է մեծանում իմ մարմինը» աղմուկ հանած գիրքն ընկերությունը որոշել է այլևս չթողարկել և շրջանառությունից հանել գրքերի մնացած մասը: Այսպիսով, Եկատերինբուրգում բնակվող ծնողները առանց դատախազության միջամտության զիջումների են հասել «սեքսի» դասագրքի հրատարակչատան կողմից:
«АСТ» հրատարակչությունը, որը հրատարակել էր 8-11 տարեկան երեխաների համար նախատեսված էրոտիկ գիրքը (բլոգերներն այն մանկական «կամասուտրա» են անվանել), իր որոշումը բացատրել է ոչ թե ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկի պատճառով, այլ Ռուսաստանում ընդունված նոր օրենքով, որը կոչված է պաշտպանել անչափահաս երեխաներին վտանգավոր տեղեկատվությունից:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ սեքսի մասին իլյուստրացիաներով գիրքը մասնավորապես բաղկացած է հետևյալ գլուխներից՝ «Սեքսուալ հարաբերություններ», «Ինչ են անում մեծերը, երբ սիրով են զբաղվում», «Սերմնահեղուկ» ,«Ձվից մինչ սաղմ» , «Միասեռականություն»: Այս ցուցակին ծնողներն ավելացնում են նաև մանկապղծության և բռնաբարության մասին գլուխները, որոնք, ըստ նրանց, նույնպես առկա են գրքում:
«Ինչպես է աճում իմ մարմինը» գրքի հեղինակ, գրող Վալերիա Ֆադեևան այնքան էլ ուրախ չէ նման սկանդալային ճանաչում ձեռք բերելու առթիվ: Մանկական «սեքսուալ հեղափոխություն» սկսած գրողը, սակայն, կարծում է, որ գրքի մեջ ոչ մի քրեական հանցանք չկա:
Ըստ օրենքի՝ դատախազությունը 30 օր ունի գիրքը փորձագիտական քննության ենթարկելու և ծնողների դիմումին պատասխանելու համար: Եկատերինբուրգի իրավապահ մարմինները այժմ աշխատում են հոգեբանների հետ՝ որոշելու համար, թե որքանով է Ֆադեևայի գիքրը «մանկական»: Այդուհանդերձ, եթե գիրքն արգելելու մասին որոշում կայացվի, գրողին միայն վարչական տույժ է սպառնում:
Նկարները՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքից