Լեռնային Ղարաբաղում «Մարդն ու տիեզերքը» գիտական-գործնական կոնֆերանսին մասնակցած հայտնի ամերիկացի և շվեյցարացի տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Կլոդ Նիկոլյեն կընդգրկվեն Ադրբեջանի համար «անցանկալի անձանց» ցուցակում:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը АПА-ին հայտնել է, որ «Ադրբեջանը սկզբունքային է երկրի օկուպացված տարածքներ ադրբեջանական կողմի հետ չհամաձայնեցված, ապօրինի այցելությունների հարցում»: «Ցանկացած այցելություն Ադրբեջանի օկուպացված տարածքներ համարվում է անօրինական: Եվ նման այցելություն կատարած յուրաքանչյուր մարդ կընդգրկվի Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում»,-հայտարարել է Աբդուլաևը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում «Մարդն ու Տիեզերքը» թեմայով գիտական-գործնական կոնֆերանս է անցկացվել, որին բացի հայ գիտնականներից մասնակցել են մի շարք երկրների հայտնի գիտնականներ ու տիեզերագնացներ: Կոնֆերանսը նվիրված էր հայտնի ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած առաջին մարդու՝ Նիլ Արմսթրոնգի հիշատակին: Արմսթրոնգը մահացել է 2012 թվականի օգոստոսի 25-ին: