Home / Հայաստան / Ինչպես են խոշտանգում վրացական բանտում. նախարարը հրաժարական է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես են խոշտանգում վրացական բանտում. նախարարը հրաժարական է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի Պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարության ղեկավար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել Թբիլիսիի Գլդանսկի բանտում կալանավորների հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստի բացահայտման պատճառով: Այս մասին չորեքշաբթի առավոտյան գրում են վրացական ԶԼՄ-ները:

«Ես նման որոշում եմ կայացրել, քանի որ պատասխանատու եմ զգում ինձ հասարակության առջև այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել բանտում», – Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Կալմախելիձեն (նկարում):

Վրաստանի ՆԳՆ-ն երեքշաբթի հաղորդել էր, որ բանտում կալանավորների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտվել: Հետաքննության տվյալներով՝ բանտի մի խումբ աշխատակիցներ «անմարդկային վերաբերմունքի էին արժանացնում բանտարկյալներին և այդ ամենը տեսանկարահանում»:

ՆԳՆ-ն տեսանյութերից մի հատված տեղադրել էր իր պաշտոնական կայքում` ընդգծելով, որ սա այն նյութերի նվազագույն  քանակն է, որն ունի հետաքննությունը, քանի որ մնացած կադրերը հանրային դիտման համար անթույլատրելի են: Սակայն, երեկոյան «9-րդ ալիք» և «Մաեստրո» հեռուստաալիքները եթերում դաժան ծեծի և բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ իրենց տրամադրության տակ ունեն Գլդանսկի բանտում տեղի ունեցած դեպքերի ողջ նյութերը: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ով ներկայումս Բելգիայում է գտնվում: Վերջինս 9-րդ ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ բանտարկվածներին խոշտանգում էին ՆԳ նախարար Բաչո Ախալայայի հրամանով, այդ մասին տեղյակ է եղել նաև Խաթունա Կալմախելիձեն:

Գիշերվա ընթացքում Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քաղաքացիները պահանջել են պաշտպանել մարդու իրավունքները, պատժել մեղավորներին և հասնել նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականին: Վերջին պահանջը, փաստորեն, արդեն կյանքի է կոչվել:

Բողոքի ակցիա Թբիլիսիում, լուսանկարը՝ civil.ge