«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ 10 տարի առաջ իր գործունեությունը սկսած «Մհերի դուռ» կազմակերպությունը «հատուկ» ցուցակներ ունի, որտեղ «արտացոլված» են ՀՀ, ինչպես նաև ԼՂ քաղաքական էլիտայի ֆինանսական և մնացած շարժերը խիստ ստույգ թվային տեսքով՝ 1994 թվականից սկսած: Ցուցակները երեքն են. առաջինը վերաբերում է քաղաքական գործիչներին, երկրորդը՝ բիզնեսմեններին, երրորդը՝ գեներալիտետին: Ըստ այս կազմակերպության՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել:
«Հրապարակը» նշում է, որ կազմակերպությունը խոստացել է որոշ ժամանակ անց հրապարակել այդ տվյալները, սակայն պնդում է, որ դա չի լինի այս նախագահական ընտրությունների ընթացքում:
Օրաթերթը նշում է, որ որքան էլ այդ կազմակերպությունը հայտարարի, թե առաջիկա քաղաքական զարգացումներում առանձնապես դեր չունի, սակայն լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ «այդ կազմակերպությունում ներառված մարդիկ հիմարներ չեն, եթե չասենք` հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող, լավ տեղեկացված պերսոններ են»:
Թերթը հայտնում է նաև, որ «օրերս մամուլում հիշատակված «Մհերի դուռ» կազմակերպությունը, որը հայոց հին միջնաբերդերից մեկում 1912 թ. 02 ամսի 12-ին Իսպանիայի Տոլեդո քաղաքից բերված թրերի վրա երդման ծիսակարգ է կատարել, օրդեն է և իր «փիլիսոփայությունը» խարսխում է հին շումերների քաղաքակրթության վրա ու «տիեզերքի թվային արտացոլանքն» է: