Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի Պետական գնումների գործակալության ղեկավար Հակոբ Բեգլարյանի և իր տեղակալներին աշխատանքից հեռացնելու հրամանագրեր պատրաստեն: Նշենք, որ Հակոբ Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ նրանց աշխատանքից ազատելը պայմանավորված է պետական գնումների ոլորտում արձանագրված չարաշահումներով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ բարձրարցել էր այդ հարցը, իսկ մի շարք վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ այդ ամենը շոու էին անվանել և նշել, որ նման քայլերով խնդիրները չեն լուծվում:
Արձագանքելով՝ Սերժ Սարգսյանի ելույթին վարչապետն այսօր նիստի ժամանակ խստորեն հանձնարարել է հետևել գնումների կազմակերպման գործընթացին:
Նա նաև դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ քաղաքաշինության ոլորտին տրամադրվել է 700 միլիոն դրամ, իսկ աշխատանքների կեսը դեռ չի կատարվել, չնայած ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօրվա ելույթում ներկայացրել է, որ այդ գումարից ծախսվել է 690 միլիոնը: Վարչապետն ընդգծել է, որ աշխատանքներն իրականում նորմալ չեն իրականացվել և դա խայտառակություն է որակել: