Epress.am-ը ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հարց է ուղղել անկախության 21 տարիներին քաղաքական դաշտի ձևափոխությունների, դրական և բացասական զարգացումների մասին: Արամ Մանուկյանը 90-ականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր:
Մանուկյանի խոսքով՝ անկախության առաջին տարիների կարևոր նվաճումներից մեկը բազմակուսակցականության համակարգի ներդրումն է եղել, ինչը բավական առողջ քննարկումների դաշտ էր հասարակության համար:
«Շատ լավ կարգավորված էր այն բնագավառների ցանկը, որտեղ կուսակցականությունը չպետք է գերիշխող լիներ, մասնավորապես, բանակը, առողջապահությունը, կրթությունը, այսինքն՝ մանկավարժը, բժիշկը, սպան իրենց մասնագիտական գործունեության ընթացքում չպետք է լինեին կուսակցական: Հիմա ամբողջ Հանրապետությունում ռեալ, իրականում միակուսակցական համակարգ է և պաշտոնյաներ կարող են լինել միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները: Այն համակարգերը, որտեղ ուղղակի մասնագետը չի կարող լինել կուսակցական, հիմա կուսակցական է: Ավելի կոնկրետ ասեմ՝ Հայաստանի 1400 դպրոցից 1200-ի տնօրենները ՀՀԿ-ի անդամ են, սա աշխարհում աննախադեպ, չկրկնված դեպք է, նմուշ է: Սա նշանակում է քաղաքական դաշտի ոչնչացում, հասարակությանը մղում են միակուսակցականության և բազմակուսակցականությունը կորում է՝ էս էր այս իշխանությունների քաղաքական բարեփոխումների արդյունքը», – նշել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 1200 տնօրենների ՀՀԿ-ական լինելը՝ քաղաքական ողբերգություն է:
«Մինչև 1998 թիվը որևէ դպրոցի տնօրեն որևէ կուսակցության անդամ չի եղել, եթե եղել էլ են, ապա դպրոցում ոչ ոք չի զգացել դա», – նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Որպես դրական զարգացում Մանուկյանն ընդգծել է, որ 21 տարիների ընթացքում ամբողջ ինստիտուտներ են կայացել և Հայաստանը դարձել է միջազգային լիիրավ սուբյեկտ:
«Այսինքն՝ անկախության կայացման ֆորմալ գործընթացները, բոլոր անհրաժեշտ գործընթացները կայացել են: Բացասականն այն է, որ քաղաքացին իրեն արժանապատիվ չի զգում և անկախությունն իր համար ոչ թե հպարտանալու, նրանով ապրելու, նրա համար ծառայելու միջոց է, այլ անկախությունը դիտարկվում է որպես սոցիալական լարվածության, երկրի արտագաղթի, անիրավչության համար հիմք: Քաղաքացու մոտ նման հոգեբանությունն է զարգացել՝ իշխանությունների պարտաճանաչ հետևողական աշխատանքի շնորհիվ», – եզրափակել է Արամ Մանուկյանը:
Լուսանկարը՝ hhk.am