Թուրքիայի հայկական հիմնադրամը մտադիր է վերադարձնել Ստամբուլի Շիշլի թաղամասում տեղակայված Մխիթարյան միջնակարգ դպրոցի տարածքի սեփականության իրավունքը, որը բռնագրավվել էր քաղաքային իշխանությունների կողմից 1982 թվականին:
Հայկական հիմնադրամը 1982 թվականից ի վեր պայքարում է դպրոցի տարածքը վերադարձնելու համար:
Today’s Zaman-ի հետ զրույցում հիմնադրամի նախագահ Ռիտա Նուրնուրը ասել է, մինչև դատական գործ սկսելը փորձել են լուծել խնդիրը բյուրոկրատական ճանապարհներով:
«Վստահ ենք, որ 33 տարվա անարդարությունը շուտով կվերանա», -նկատել է Նուրնուրը:
1936 թվականին Թուրքիայում օրենք ընդունվեց, որն արգելում էր ազգային փոքրամասնությունների կողմից ղեկավարվող հիմնադրամներին Թուրքիայում որևէ սեփականություն ունենալ: Օրենքի ընդունումից հետո Թուրքիայի կառավարությունը հրամայեց ազգային փոքրամասնությունների բոլոր հիմնադրամներին իրենց սեփականության մասին տվյալները ներկայացնել իշխանություններին:
Հայկական հիմնադրամը գնել էր Շիշլիում գտնվող հողակտորը 1958-ին Էմինե Թևֆիկա Այաշլի անունով կնոջից՝ տեղում դպրոց հիմնելու նպատակով: Հիմնադրամը ստիպված էր վաճառել Ստամբուլի Քադիքյոյ գտնվող իր տարածքը, որպեսզի նոր հողակտոր կարողանար ձեռք բերել Շիշլիում: 1936 թվականին ընդունված հրամանագրի համաձայն, փոքրամասնությունների կողմից ղեկավարվող հիմնադրամը կարող էր սեփականություն ձեռք բերել միայն այն դեպքում, եթե այն վաճառեր մինչև օրենքի ընդունումն ունեցած իր սեփականությունը:
Հիմնադրամը երբեք խնդիր չի ունեցել մինչ 1979-ը թվականը, երբ մահացել էր Այաշլին: Նրա մահից հետո սեփականության իրավունքներն անցել էին քաղաքային իշխանություններին:
Քաղաքային իշխանությունները ստիպեցին հայկական հիմնադրամին հեռանալ տարածքից և փակել դպրոցը:
Նախորդ տարի հիմնադրամը դատական գործ է սկսել դպրոցի սեփականության իրավունքները վերադարձնելու համար: Գործով լսումներն ընթացքի մեջ են: