ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա մեղադրվում է պետական միջոցների յուրացման, վատնման և պաշտոնական կեղծիքի մեջ:
Նույն հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են նաև վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Խաչիկյանի դեմ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա հազարավոր «մեռյալ հոգիների»՝ գոյություն չունեցող, բայց փաստաթղթերում առկա և փաստացի թոշակ ստացող մարդկանց գումարներն է յուրացրել:
Ըստ գործի՝ 2009-2010 թթ. յուրացված գումարը կազմում է 113,2 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։ Սոցապ ծառայությունում խախտումները ի հայտ էին եկել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: