Լրագրող, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը, ով 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր Ավան վարչական շրջանի և Նորք Նորք համայնքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, դեռևս չի կողմնորոշվել՝ առաջադրելու է արդյոք իր թեկնածությունը նույն ընտրատարածքում կայանալիք առաջիկա ընտրություններին: Այս մասին Առուստամյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում ընտրություններ են նախատեսվում այն բանից հետո, երբ մայիսին ընտրված Ռուբեն Հայրապետյանը այս ամիս հանձնեց պատգամավորական մանդատը:
«Ես առայժմ տեղյակ չեմ, թե ինչ քննարկումներ են եղել ՀԱԿ-ում, կամ ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի ՀԱԿ-ը, ամեն դեպքում, ինչպիսի որոշում էլ կայացվի, ես պատրաստ եմ սատարել ու օգնել ՀԱԿ-ի թեկնածուին», -նշել է Առուստամյանն ու ընդգծել, որ ինքնաառաջադրվել չի պատրաստվում, քանի որ անիմաստ ու դժվար է «միայնակ պայքարը հրեշավոր ռեժիմի դեմ»:
«Ավանը համարվում է ՀՀԿ-ի կենտրոնը, հատկապես Ավանում, ինչպես և ցանկացած վարչական շրջանում,պատգամավորական մանդատը և իշխանական ցանկացած լծակ ձևավորվում է ՀՀԿ կուսակցապետի կողմից: Այսպես եղել է միշտ և լինելու է, քանի դեռ իշխող է այս կուսակցությունը, իշխանական բոլոր պաշտոնները ձևավորվելու են կուսակցապետի կամքով», – ասել է Առուստամյանը:
Նրա խոսքով՝ անգամ «Հարսնաքարի» հայտնի դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելը դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ հաջորդ մանդատը կտրվի նրան, ով կունենա Սերժ Սարգսյանի «դաբրոն»:
«Եթե ՀԱԿ-ն առաջադրի շատ ուժեղ թեկնածուի, կենտրոնացնի ամբողջ ուժերը ու շատ լուրջ վերաբերվի այդ հարցին, այնպես անի, որ սկզբունքորեն այդ թեկնածուն հաղթի, ապա այդ դեպքում կարելի կլինի խոսել պայքարի մասին», – նշել է Առուստամյանը՝ հավելելով, որ եթե ՀԱԿ-ը չկենտրոնացնի ուժերն այդ թեկնածուին հաղթանակի հասցնելու համար, ուրեմն կլինի այնպես, ինչպես եղել է միշտ՝ կհաղթի նա, ում կցանկանա մանդատ տալ Սերժ Սարգսյանը:
Խոսելով թիվ 1-ում իր առաջադրման մասին հայտարարած, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի մասին՝ Առուստամյանը շեշտել է, որ ինքը նշված կուսակցությանը լուրջ չի վերաբերվում. ««Ժառանգությունը»» ոչ թե ընդդիմություն, այլ ընդամենը քաղաքական խաղի մի մաս է»»:
Նշենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ թիվ 1 ընտրատարածքի վերաբերյալ ՀԱԿ-ում քննարկում չի եղել: