Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները պաշտոնապես ավարտվում են նոյեմբերի 12-ին, և միայն դրանից հետո է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները, գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, սակայն, վերջինս այլևս չի ցանկանում այդքան սպասել:
Թերթի տեղեկություններով, Բալասանյանը երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար:
Վարդան Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել և կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը, փոխանցում են «168 ժամի» աղբյուրները:
«Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Սամվել Բալասանյանին հնարավորություն կտա որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 12-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել՝ այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը`Ղուկասյանը, թե՞ Բալասանյանը», – գրում է թերթը՝ հավելելով, որ Ղուկասյանը համաձայնել է դիմում գրել: