Արդյո՞ք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռուստացույց կամ YoutTube չի դիտում: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այսպիսի հարց է վարչապետին ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի այն պդնմանը, թե բյուջեի ծախսերը կատարվում են թափանցիկ և արդյունավետ:
«Եթե դիտեիք ուշադիր, ապա կտեսնեիք, որ սեպտեմբերի 15-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, դիմելով Ձեզ, ասել է՝ «այդ առումով, Տիգրան, ես շատ դժգոհ եմ կառավարության գործունեությունից»: Խոսքը վերաբերում էր հենց «ատկատներին», բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը: Հիմա ասյտեղ հակասություն է առաջանում, կա՞ն «ատկատներ», թե՞ արդյունավետ է ծախսվում: Թե՞ նկատի ունեք նաև «ատկատների» արդյունավետությունը: Խնդրում եմ այս հակասությունը պարզաբանեք», – ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ երբ իր ելույթում ներկայացնում էր 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը, ինքը նշել է, թե մեր բյուջետային ծախսերը իրականացվում են թափանցիկ, բայց դա, վարչապետի խոսքով, ամենևին չի նշանակում, որ իրենք չունեն թերություններ գնումների ոլորտում:
Վարչապետի խոսքով ինքն ուրած է, որ ուշադրությամբ հետևում են այն բացահայտումներին, որ իրենք իրականացնում ենք, իրենք ինքներս բացահայտում իրենց բացթողումները, թերությունները:
Տիգրան Սարգսյանն ընդունել է, որ այսօր գնումների ոլորտում ունեն լուրջ պրոբլեմներ և համոզված է, որ իրենց քաղաքական թիմն ի վիճակի է այդ խնդիրը լուծել: Նրա խոսքով՝ այդ ուղությամբ շատ գործնական քայլեր են իրականացնում:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանրությունն այդպիսի խորհրդակցություններ ժամանակ առ ժամանակ տեսնում է, բայց որևէ փոփոխություն չի տեսնում: ՀԱԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ հայաստանցիները կուրախանան, եթե հակառակում համոզվեն:
« Դուք չեք կարող չնկատել, որ մենք ինքներս ենք բացահայտում այդ պրոբլեմները, բայց միևնույն ժամանակ համաձայն չեմ ձեզ հետ, որ ոչ մի փոփոխություն, առաջընթաց չկա: Այդ առաջընթացը կա, բայց մեզ չեն բավարարում տեմպերը, և այդ առումով ձեր քննադատությունը տեղին է», – ասել է վարչապետը: