Վրաստանում խորհրդարանական ընտրութուններում հաղթանակ տարած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ողջունել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, որով վերջինս ընդունել է իր պարտությունը: Իվանիշվիլին մրցակցին խորհուրդ է տվել հրաժարական տալ:
«Դա լավ կլինի իր ապագայի համար: Այդկերպ նա կպահպանի իր դեմքը և հնարավորություն կստանա լավ ապագա ունենալ: Կան միջոցները, որոնց օգնությամբ կարող ենք ստիպել նրան հրաժարական տալ, սակայն լավ կլինի, որ նա ինքը այդ որոշումն ինքնուրույն կայացնի»,- ասել է Իվանիշվիլին:
Newscaucasus.com-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը նշել է նաև, որ ներկա կառավարության անդամներից ոչ ոք տեղ չի ունենա նոր ձևավորվելիք կառավարությունում:
Իվանիշվիլին դիմել է նաև իշխանություններին՝ պահանջելով դատարանին հնարավորություն տալ իրեն Վրաստանի քաղաքացիությունը վերադաձնել և ազատել «Վրացական երազանք» դաշինքի ձերբակալված ակտիվիստներին: Նա ընդգծել է, որ անգամ առանց քաղաքացիության նա կարող է վարչապետ դառնալ, քանի որ «մենք մեծամասնություն ենք խորհրդարանում և նման խնդիր չկա»: