Վրաստանի թափանցիկ ընտրություններ անցկացումը և իշխանությունը ներկայացնող ուժի կողմից իր պարտությունը ընդունելը աննախադեպ էր ոչ միայն Վրաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում: Մեկնաբանելով Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
ՀՀ նախկին արտգործնախարարն ասել է, որ ընտրությունների նման ընթացքը տրամաբանական էր՝ հաշվի առնելով վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանում կատարվող բարեփոխումները:
«Իշխանությունները թույլ տվեցին, որպեսզի ոչ միայն ընդդիմությունը մասնակցի ընտրություններին առանց որևէ խոչընդոտի, այլև հաղթանակ տանի և տոնի այդ հաղթանակը: Վրաստանում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել՝ կոռուպցիայի հաղթահարման, մարդու իրավունքների պաշտպանության առումով, այդ ամենի արգասիքը եղավ այս նորմալ ընտրությունները»,- խոսելով ընտրությունների նման ընթացքի ապահովման նախադրյալներից՝ հայտարարել է Արզումայանը:
Արզումանյանի դիտարկմամբ՝ արդյոք Միխեիլ Սահակաշվիլին կշարունակի իրականացնել նախագահի պարտականությունները և ինչպես ընդդիմության առաջնորդ Իվանիշվիլին կկազմի կառավարությունը՝ դա Վրաստանի ներքին խնդիրն է: Արզումանյանը համարում է, որ Իվանիշվիլիի հորդորը Սահակաշվիլիին հեռանալ էմոցիոնալ արձագանք է, և ոչ մի ստվեր չի գցում Վրաստանում արձանագրված ժողովրդավարության հաղթանակի վրա:
«Վրաստանի ընտրությունները մեզ դաս պետք է լինեն, որ գիտացկենք, որ ապագան դա է և մենք էլ նույն ուղով պետք է գնանք», – ըստ Արզումանյանի՝ դաս քաղելը պետք է լինի առավելագույնը, որ Հայաստանը կարող է ստանալ Վրաստանի ընտրությունների արդյունքում: