ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ոչ հարգալից է վերաբերվելու ՀՀ կառավարությանը: Այս մասին նա հայտարարել է այսօր Ազգային Ժողվոում ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքին: Նշենք, որ վաճառքի մասին լուրն հաստատվել է երեկ, գնորդը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն է, որը շենքը գնել է 51 միլիոն դոլարով:
Մանուկյանն ասել է, որ «ոչ հարգալից» բառերը պատկանում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով երկու օր առաջ ԱԺ-ում կոչ է արել պատգամավորներին նման կերպ չվերաբերվել ՀՀ կառավարության անդամներին:
«Եվ կուզեմ, որ հաջորդը լինի կառավարության շենքը՝ իր ամբողջ կազմով, և գինը, կարծում եմ, ոչ թե կառավարությունն է որոշելու, այլ առնողը: Հաջորդը, երևի, կլինի Մատենադարանը, հաջորդը՝ Օպերայի շենքը: Այս մարդիկ ոչ մի արժեքային համակարգ չունեն: Ուղղակի չէր կարելի այդպիսի բան անել», – ասել է Արամ Մանուկյանը:
Նա նաև հավելել է, որ դա անհարգալից վերաբերմունք է սեփական մշակույթի, սեփական ժողովրդի, սեփական արժեքների նկատմամբ: Նա նշել է, որ անգամ անհարմար է զգում և կցանկանար շատ ավելի կոպիտ արտահայտվել, բայց քաղաքավարությունը թույլ չի տալիս: