Վրաստանի գործող իշխանությունները երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ 4 մարդուց բաղկացած աշխատանքային խումբ են ստեղծել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների շարք սկսելու համար: Այդ քայլը գործող նախագահն արել է «իշխանությունն անցնցում փոխանցելու համար»: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան:
Ինչպես հաղորդում է civil.ge-ն, աշխատանքային խմբում ընդգրկվել են Գիգա Բոկերիան, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն և խորհրդարանի իրավաբանական կոմիտեի ղեկավար Պավլե Քուբլաշվիլին:
Իր հերթին, Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդությամբ ընտրություններին հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքը իշխանությունների հետ խորհրդակցության համար երեք հոգանոց աշխատանքային խումբ է ստեղծել, որի մեջ մտնում են «Մեր Վրաստան – ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան, Վրաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին և Բիձինա Իվանիշվիլիի մերձավորներից մեկը՝ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ինքը, որպես երկրի ղեկավար, և մեր քաղաքական թիմը կանեն առավելագույնը, որպեսզի ընդդիմության հաղթանակից հետո բոլոր գործընթացներն անցնեն Սահմանադրության համաձայն, անխափան և, իհարկե, խաղաղ: Դա ապահովելու համար, իհարկե, հարկավոր է երկխոսություն մեր և հաղթանակած ուժի միջև: Հուսով ենք, որ այդ երկխոսությունը շուտով կմեկնարկի», – ասել է Բոկերիան: