Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է ուրբաթ Reuters գործակալությանը տված հարցազրուցում:
Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով, իսկ Ադրեբջանն ահռելի գումարներ է ծախսում զինամթերք գնելու վրա՝ նախապատրաստվելով պատերազմի և խախտելով Եվրոպական համաձայնագիրը, որով սահմանվում է երկների զենքի թույլատրելի քանակը։
«Երբ ես ասում եմ՝ Ադրբեջանում ատելություն կա հայերի նկատմամբ, երբ ասում եմ, որ Ադրբեջանում կա այլատյացություն, երբ ասում եմ՝ վտանգավոր չափերի է հասնում զինամթերքի քանակը Ադրբեջանում և այնտեղ պատրաստվում են վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու», – ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել: