Հայաստանում ծավալված աղանդավորական շարժումներն ազգային անվտանգության սպառնացող չափերի են հասնում: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ’ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան:
Վերջինս սա որպես խնդիր է դիտում և մատնանշում է երկու գլխավոր պատճառներ, որոնցից առաջինը Հայաստանի ներկայիս սոցիալապես անապահով վիճակն է, որը պարարտ հող է հանդիսանում աղանդավորական շարժում ծավալելու և Հայաստանում հաջողության հասնելու համար:
«Մանավանդ գյուղերում, մարզերում կա գործազրկություն, համատարած աղքատություն և մարդիկ իրենց հարկի տակ ընդունում են այն աղանդավորներին, որոնք իրենց օգնություն են առաջարկում», – ասել է Տեր Սահակը:
Նրա համոզմամբ՝ ժողովրդի շատ քիչ մասն է հոգով ընդունում այդ ուսմունքը:
Բանախոսը նշել է, որ հուսախաբված ու հիասթափված մարդկանց շատ հեշտ է ինչ-որ բանի մեջ համոզել:
«Երբ, որ հասարակությունը անառողջ է և կան պրոբլեմներ, երբ որ արդարություն չկա, երբ որ մարդկանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են, և իրավունքները ամեն ամեն քայլափոխի ոտնահարվում են, մի տեղից մարդը պետք է արդարության վերականգնումը տեսնի, ինչի՞ մեջ տեսնի… ուրմեն ստիպված է իր համար մի իդեալական պատկեր ստեղծել»,- ասել է Տեր Սահակը:
Հոգևոր հովվի կարծիքով՝ երկրորդ խնդիրը, դա եկեղեցու այսօրվա պասիվ դիրքն է:
«Եկեղեցու պայքարի ձևը լինում է քարոզչությամբ: Պայքարը ոչ թե պետք է թուր ու թվանքով անեն, այլ պետք է հասարակությանը քարոզեն բարոյագիտություն: Սա ոչ թե պետք է դասավանդել որպես առարկա, որովհետև սա այն առարկան չէ, որ պետք է պարտադրես, այլ որպես բարոյագիտություն, որ հասարակությունը պետք է մի ցենզ ունենա՝ ինչով պետք է նա ապրի, ինչի պետք է նա ձգտի: Կարևորը, հոգևոր և բարոյական արժեքները ուղեցույց դառնալն է հասարակության համար, որպեսզի մարդկանց գլուխը չլցվի օտարամոլ գաղափարախոսություններով:
Գարեգին Բ կաթողիկոսը ոչ ժամանակ ունի, ոչ ալ փափագ ունի այս «մանր» հարցերով զբաղվելու: Նա իր գահակալության ողջ տարիների ընթացքում նվաճում է թեմեր և եկեղեցիներ: Այստեղ ես պետք է փակագծերը բացեմ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բարեխնամ առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի պաշտոնանկությունից հետո սկսվեց եկեղեցում այս փորձանքը կատարվել: Նա մի անգամ ասել է, որ «Տիրանին կջարդեմ, բոլորին կթափեմ դուրս»:
Դրանից հետո նա իր հարազատ եղբորը հանձնեց այդ թեմը, նույն սցենարով սկսեց նվաճել այլ կրոնական համայնքներ: Երբ նա հայտարարել էր, որ սարերում գտնվող եկեղեցիներով չի զբաղվում, այլ ունի ուրիշ տարածքներ:
Գարեգին Բ-ն նաև այդ տարիներին ռեպրեսիաների է ենթարկում իր համար անհանդուրժելի հոգևորականներին, արմատախիլ է անում եկեղեցուց, չեզոքացնում է ասպարեզից: Բնականաբար այն առողջ մտավոր, հոգևոր, բարոյական զանգվածը մնում է աուտի մեջ, իսկ այն շրջանակը, որ այսօր իր կողքին է, ստիպված հարմարվում է: Կան շատ լավ հոգևորականներ, երբ անկեղծ խոսում են, խոստովանում են, որոնք այս նույն տեսակետը կիսում են, որ եկեղեցին ճահճային վիճակի մեջ է, բայց դա անում են գաղտնաբար, քանի որ եթե վաղը իրենք մնան ասպարեզից դուրս, իրենք իրենց իրավունքները մեր երկրի դատարաններում չեն կարող պաշտպանել: Եվ սոցիալապես էլ պաշտպանված չեն լինի: Քանի որ այդպես չէ, ստիպված հանդուրժում են այս բոլորը ինչ-որ տեղի է ունենում»,- ասել է Տեր Սահակը: