Home / Հայաստան / Լրագրողները պետք է ուղղորդեն իրենց հոդվածներով՝ «պատերազմում» հաղթելու համար. վարչապետ

Լրագրողները պետք է ուղղորդեն իրենց հոդվածներով՝ «պատերազմում» հաղթելու համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Վարչապետը կարևորել է նման հավաքի անցկացումը և նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

«Դուք գտնվում եք «պատերազմի» ճակատում, ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը սուր է, ուստի կարևոր է վեր հանել մեր ազգային խնդիրները և հանդես գալ համախմբված կերպով: Մեր հակառակորդը բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական ասպարեզում հաղթելու համար, իսկ մենք մեր խոսքը և ճշմարտությունը պարտավոր ենք հասցնել բոլորին մեր միասնական գործունեությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին` կառավարության ղեկավարը նշել է.

 

«Հայաստանը մեծապես կարևորում է, որ Թուրքիայում այսօր ձևավորվել է ազատամիտ, Հայոց ցեղասպանության փաստն ընդունող մտավորականների խավ, որը փորձում է իրականությունը ներկայացնել թուրք հասարակությանը: Թուրքիան բազմաթիվ միջազգային կառույցներում, այդ թվում ակադեմիական և գիտական շրջանակներում պարտադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը, ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը: Այդ ճշմարտությունը պետք է ոչ միայն հայ, այլև թուրք ժողովրդին»:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Հայաստանը չի կարող հետ նահաջել իր ճշմարիտ և արդար սկզբունքներից: