Վրաստանում Հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է իր նոր կառավարության կազմը, հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանի նոր վարչապետը կլինի ինքը՝ Իվանիշվիլին, Ներքին գործերի նախարար է նշանակվելու «Վրացական երազանք»-ի առաջնորդներից մեկը՝ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ Պաշտպանության նախարարի և փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնելու դաշինքի մեկ եյլ առաջնորդ Իրակլի Ալասանիան:
Իվանիշվիլին Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը շնորհել է նախկինում Վրաստանի հավաքականի, Կիևի «Դինամոյի» և իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Կախա Կալաձեին, ով այս տարվա մայիսին հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին:
Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում կաշխատի Արչիլ Կբիլաշվիլին, իսկ խորհրդարանի խոսնակ է լինելու Դավիթ Ուսուպաշվիլին:
Նշենք, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում ստացել է 83 տեղ, մինչդեռ գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին սատարող Ազգային շարժումը՝ 67:
Համաձայն գործող կառավարության և նախագահի հետ պայմանավորվածության, Իվանիշվիլիի կողմից հայտարարված նախարարները մեկ ամսվա ընթացքում սկսելու են ծանոթությունը իրենց վստահված նախարարությունների հետ:
Նախարարների նոր կաբինետը վերջնական տեսք կստանա հոկտեմբերի վերջին՝ նրանից հետո, երբ հոկտեմբերի 20-ին կհավաքվի նոր խորհրդարանը և կսկսի իր աշխատանքը: