Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի նախագահ Ռուբեն Գրդզելյանի և Ալբերտ Մանիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստ, որի ընթացքում դատավորը հրապարակել է դատավճիռը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գրդզելյանին անմեղ է ճանաչել, իսկ դատախազի որդի Ալբերտ Մանիկյանին մեղավոր է ճանաչել 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը) և տուգանել նրան 50.000 դրամով: Հիշեցնենք, որ դատախազը միջնորդել էր Գրդզելյանին տուգանել 150.000 դրամի, իսկ Ալբերտ Մանիկյանին 100.000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Ռուբեն Գրդզելյանը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայում է պարզվել, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:
Գրդզելյանի խոսքով` միջադեպը սկսվել է Մանրիկյանի սուր արձագանքից երեխաների պահվածքի վրա, որոնք մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որի մեջ, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:
Դա դուր չի եկել դատախազին, ով լեզվակռվի մեջ է մտել Գրդզելյանի հետ և հարվածել է վերջինիս: Պատասխան ստանալով` Մանրիկյանը և նրան ուղեկցող անձինք հարձակվել են լրագրողի վրա և ծեծի ենթարկել: