Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օրեր առաջ բավարարել է Արման Առաքելյանի դեմ հարուցված գործը՝ համարելով, որ նա մեղավոր է իր դեմ առաջադրված բոլոր երեք հոդվածների հատկանիշներով: Առաքելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, միչդեռ պաշտպանությունը համոզված է, որ հոդվածներից երկուսն անհիմն են հարուցվել:
Առաքելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով (թմրանյութի իրացում), 268 հոդվածի 3 մասով (թմրանյութի պահում) և 215 հոդվածի 2 մասով (մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխում):
Թմրանյութ պարունակող դեղի` սուբոտեքսի, ձեռքբերման փաստը Առաքելյանը չի հերքել: Նա նշել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և դեղը ձեռք է բերել ցավազրկելու համար:
Արմեն Առաքելյանի իրավունքների պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանի խոսքով՝ մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ձեռքբերման մասին հոդվածն առաջադրելու համար հիմք է հանդիսացել միայն Առաքելյանի նախնական ցուցմունքը, որի ընթացքում նա ասել է, որ դեղերը բերել է Ֆրանսիայից:
Խաչատրյանը պատմել է, որ դատարանում Առաքելյանը, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալ Վահե Նազարյանը, ով, ըստ գործի նյութերի, Առաքելյանից գնել է դեղը, ասել են, որ իրենց նախնական ցուցմունքները ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով: Դատարանը հետ է ուղարկել գործը Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ-ն ապացուցված չի համարել խոշտանգելու վարկածը, հաշվի չի առել Առաքելյանի տան անդամների ցուցմունքները, այլ արձանագրել է, որ Առաքելյանը մի օր առաջ տան աստիճաններից ընկել է: Իրականում, պնդում են Առաքելյանի հարազատները, նա խոշտանգումների հետևանքով 20 օր անկողնում է անցկացրել, ջարդված են եղել կողոսկրերը, նա արյուն է միզել:
«Միայն հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ մարդուն մեղավոր ճանաչելու համար: Ոչ սահմանին, ոչ օդանավակայանում ոչ մի ապացույց չի հայտնաբերվել մաքսաննեգությունը փաստելու համար»,- ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ դատարանում Առաքելյանն ասել է, որ դեղը ձեռք է բերել Հայասատանում, և դա անհրաժեշտ է եղել իր հոգեկան հիվանդության դեմ պայքարելու համար, ինչը դատարանն արժանահավատ չի համարել: