Հայաստանում ձևավորվել և ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու և վերցնելու նոր` նախկիններից շատ ավելի հուսալի և անվտանգ մեխանիզմ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, կաշառքի այդ ձևը տրվում է կազինոների միջոցով:
«Մեխանիզմը հետևյալ է՝ պաշտոնյան քաղաքացուց կաշառք է պահանջել 10 հազար դոլար: Ինչպես փոխանցել այդ գումարը: Պաշտոնյան քաղաքացուն ուղարկում է X կազինո, որտեղ նա պետք է տանուլ տա ուղիղ 10 հազար դոլար: Կազինոյում դրա մասին արդեն գիտեն: Որոշ ժամանակ անց կազինո է այցելում պաշտոնյան կամ նրա վստահելի մարդկանցից մեկը և սկսում խաղալ: Շատ արագ ու անաղմուկ նա շահում է, ասենք, 9 հազար դոլար ու հեռանում: Պակասող հազար դոլարը մնում է կազինոյին՝ ծառայություններ մատուցելու համար: Այստեղ, իհարկե, առաջանում են հարկային պարտավորություններ, քանի որ կազինոյում շահած գումարից եկամտահարկ է գանձվում, բայց հանուն անվտանգության մեր կաշառակերները հաճույքով համաձայնում են դրան», – նշում է «ՀԺ»-ն:
Թերթն ընդգծում է, որ կաշառքի այս ձևը լայն տարածում է գտել հատկապես հիմա, երբ Հայաստանում ընթանում է «կոռուպցիայի դեմ պայքար» շոուն: