Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագիրը Հայաստանում փակելու դեպքում անգամ արտագաղթը չի վերանա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն՝ բացատրելով՝ ինչու Ռուսաստանը չի ցանկանում փակել ծրագիրը Հայաստանում:
«Ինչ է, հայերին ինչ-որ մեկը հարկադրաբա՞ր է Ռուսաստան տանում: Եթե մեր միգրացիոն ծառայության ծրագիրը փակենք, դուք կարծում եք մարդիկ չե՞ն մեկնի Ռուսատսան», – ասել է Կովալենկոն:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանից Ռուսաստան մարդիկ մեկնում են, որովհետև օբյեկտիվ պատճառներ ունեն, այլ ոչ թե «Համերկրացիներ» ծրագրի պատճառով:
Կովալենկոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի «Գրին քարտ» ծրագրով Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել, քան «Համերկրացիներ» ծրագրով:
Նա նշել է, որ ամերիկյան ծրագրով 2007 թվականից ի վեր Հայաստանը լքել է 5000 ընտանիքից ավել, մինչդեռ ռուսաստանյան ծրագրով՝ 5000-ից պակաս:
«Ընդամենը 5000 մարդ ընտանիքներով: Ինչո՞ւ եք աղմկում: Ինչի՞ մասին է խոսքը», – հայտարարել է Կովալենկոն:
Նրա խոսքով՝ «Համերկրացիներ» ծրագիրը գործում է նրա համար, որպեսզի կրճատվի անօրինական միգրացիան, բացի դա, բոլոր այն մարդիկ, ովքեր ծրագրով են մեկնում Ռուսաստան աշխատելու պաշտպանված են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ «Համերկրարցիներ» ծրագիրն անընդունելի է Հայաստանի համար:
«Մենք մեր համաձայնությունը չենք տվել Հայաստանում այդ ծրագրի իրականացմանը: Մենք ռուսաստանցի գործընկերների հետ աշխատանք ենք տանում, քննարկում ենք այդ թեման, այդ թվում՝ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում», – հայտարարել է վարչապետը:
Նա նաև ասել է, որ այդ հարցը բարձրացվել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, և հույս է հայտնել, որ այդ խնդիրը շուտով լուծում կստանա: