Հունգարիայի ժողովուրդը երբեք հայ ժողովրդին թշնամի չի եղել, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունգարական ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է news.am-ը:
Սարգսյանի խոսքով` Հայաստանը խստորեն դեմ է հանդես գալիս հավաքական պատասխանատվության սկզբունքին: Նա ընդգծել է, որ հայ և հունգար ժողովուրդների միջև հրաշալի հարաբերություններ են հաստատվել, և պատմությունը շատ հայ հայրենասերների գիտի, որոնք իրենց կյանքը տվել են Հունգարիայի անկախության համար:
«Սակայն հունգարական կառավարության որոշումը սպառնալիքի տակ դրեց ոչ միայն հայ-հունգարական հարաբերությունները, ինչը ափսոսանք է հարուցում, այլեւ խնդիրներ առաջացրեց ԵՄ արեւելյան քաղաքականության եւ ադրբեջանցիների հետ խաղաղ բանակցությունների հարցում, եւ հատեւաբար, կասկածի տակ դրեց տարածաշրջանում կայունությունը», – նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշումը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ընդհակառակը, խորացնում է կողմերի միջեւ հակամարտությունը: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը շատ քիչ հնարավորություն է տալիս հուսալու, որ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը` խաղաղության հաստատմանը հասնելու համար: Միաժամանակ, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի զինված հարձակման պարագայում ողջ հայ ժողովուրդը պաշտպան կկանգնի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ավելացրել է, որ Հունգարիայի կառավարությունը շատ լավ իրազեկված էր Սաֆարովի արտահանձնման իր որոշման հետևանքների մասին, և հենց այդ պատճառով հայկական կողմը տեղյակ չէր պահվել: Ավելին, դրանից շատ ամիսներ առաջ հունգարացի պաշտոնյաները ստել են` հավաստիացնելով, որ Սաֆարովի արտահանձնում չի լինելու:
Այդուհանդերձ, Հայաստանի նախագահն ընդգծել է. «Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովուրդը երես թեքի Հունգարիայից` նրա կառավարության պատճառով, որը մեր դեմ է եղել»: