Այսօր Հայաստանում Եվրամիության և Գերմանիայի դեսպանները մամուլի ասուլիս են հրավիրել՝ պարզաբանելու իրենց ծրագրի նպատակը՝ կապված Երևանում սերբ ռեժիսոր Սրդժան Դրագոյեվիչի «Parada» ֆիլմի ցուցադրման նախաձեռնության հետ:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը պետք է կայանար երեկ «Ակումբում», ապա Տիկնիկային թատրոնի դահլիճում, սակայն Գերմանիայի դեսպանատան մոտ կայացած բողոքի ցույցի պատճառով դեսպանները որոշել էին տեղափոխել ցուցադրությունը՝ մինչ այդ հանդիպելով լրագրողների հետ: Դեռևս երկու օր առաջ տարածած մամուլի հաղորդագրությունում Գերմանիայի դեսպանատունը նշել էր, որ «Parada»-ն սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում նույնասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմը 2012 թվականի Բեռլինալեում շահել է հանդիսատեսի մրցանակը: Հայաստանյան բողոքի ակցիայի մասնակիցները՝ ազգայնական խմբավորումների ներկայացուցիչներ, նշում էին, որ ֆիլմի ցուցադրությունը «միասեռականության անբարո քարոզ է» Հայաստանում:
Այսօր հրավիրված ասուլիսին եկել էին նաև բողոքողներից «Հայազն» միության վարչության անդամ Արմեն Աղայանը և բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրանք պահանջում էին հանդիպում դեսպանների հետ:
Ի պատասխան՝ դեսպանները հրավիրել են նրանց մասնակցելու ասուլիսին` հավելելով, որ իրենք հարգում են բողոքողների կարծիքը, և գուցե իրենց մտահոգությունները բավարարվեն, եթե նրանք տեսնեն ֆիլմը և հասկանան, որ դրա մեջ որևէ վատ բան չկա:
Աղայանն ու Քոչարյանը, սակայն, մերժել են` պատճառաբանելով, թե զբաղված են և ուզում են առանց լրագրողների ներկայության հանդիպել դեսպանների հետ վաղը:
ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան նկատել է, որ ֆիլմի դեմ բարձրացված արձագանքը գալիս է վկայելու, որ ԼԳԲՏ համայնքի մարդիկ ամենախոցելին են Հայաստանում, թեև Հայաստանը միացել է հոմոֆոբիայի դեմ պայքարի եվրոպական համաձայնագրերին:
Հրիստեան ասել է նաև, որ «Parada»-ն կատակերգություն է, որի հերոսները նույնասեռականներ են, սակայն ֆիլմը որևէ տեսակետ կամ կոչ չի պարունակում:
«Ֆիլմի դեմ արտահայտվողները դա անելու իրավունք ունեն: Վերջակետ: Մարդիկ, ովքեր ուզում են ֆիլմը դիտել, ևս դա անելու իրավունքը ունեն: Վերջակետ: Մենք կգտնենք տեղ, որտեղ ցույց կտանք ֆիլմը», – նկատել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ով Հայաստանում աշխատանքը սկսել է ընդամենը սեպտեմբերի մեկից:
Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ «Հայազնին» մտահոգել է հատկապես այն, որ ֆիլմը պետք է ցուցադրվեր Տիկնիկային թատրոնում, ինչը, ըստ նրանց, սրբապղծություն է: Ի պատասխան` Հրիստեան հիշեցրել է, որ Տիկնիկային թատրոնում շատ փառատոններ, ֆիմերի ցուցադրություններ, ռոք ու ջազ համերգներ ևս անցկացվել են` առանց որևէ ընդդիմություն հարուցելու: Իսկ այն դիտարկումը, թե ֆիլմը ցուցադրվել է բոլոր երկրների մանկական կենտրոններում՝ երեխաների վրա ազդելու նպատակ ունենալով, Հրիստեայի խոսքով, կարելի է լուրջ չընդունել` հաշվի առնելով միայն այն փաստը, որ ֆիլմը Բեռլինի բիենալեի հաղթող է, որը մանկական փառատոն չէ: