Նախօրեի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:
«Ուշագրավ է, սակայն, որ հերթական այս հանդիպումը գաղտնի է պահվում երկու կողմից էլ: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ», – նշում է «ՀԺ»-ն:
Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: Թերթին հայտնի է դարձել նաև, որ վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղի բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը՝ բռնաբարության համար: Նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր և այլն:
«Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին՝ կողմնորոշվելու համար իրեն տրված մեկ շաբաթվա ընթացքում»,- նշել է թերթը: