Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստների դատերին մշտապես մասնակցած քաղաքացիները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին դատավորի կոչումից զրկելու նամակներ են պատրաստվում ուղարկել հայաստանյան մի շարք գերատեսչություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին դատավոր Գագիկ Պողոսյանը վճիռ էր կայացրել, համաձայն որի ՀԱԿ չորս երիտասարդների դատապարտել էր 2-ից 6 տարվա ազատազրկման՝ Տիգրան Առաքելյանին՝ վեց տարի, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին՝ երկուական տարի: Այս պահին ՀՀ վերաքննիչ դատարանը քննում է երիտասարդների փաստաբանների վերաքննիչ բողոքը, համաձայն որի, նրանց պաշտպանները պահանջում են բեկանել առաջին ատյանի որոշումը և արդարացնել երիտասարդներին:
Քաղաքացիների նամակում նշված է, որ երիտասարդների դեմ ցուցմունք են տվել հիմնականում ոստիկաններ, մի քանի քաղաքացի, որոնց ծեծել են և ստիպելով բերել են դատարան: Նամակի հեղինակները նշում են, որ մեկին էլ պետք է դատեին կատարած հանցագործության համար, սակայն դա չանելու դիմաց ստիպել են, որ ցուցմունք տա երիտասարդների դեմ: Նամակում նաև նշված է, որ բոլոր դատական նիստերի ընթացքում Գագիկ Պողոսյանը չի լսել և ոչ մի կողմին, և «ճոճաթոռին նստած կամ ճոճվել է, կամ քնել»:
Նամակում անդրադարձ է կատարվում նաև օգոստոսի 31-ին արդարադատության խորհրդում Սերժ Սարգսյանի ելույթին, որի ժամանակ նա պահանջել է հատկապես ուշադրություն դարձնել քաղաքացիների բողոքների վրա, և նշել, որ ոչ մի դատավոր անպատիժ չի մնալու քաղաքացու բողոքից:
Դրանից ելնելով՝ քաղաքացիները ներկայացնում են հիմնավորված փաստեր և պահանջում են պատժել Գագիկ Պողոսյանին: Նրանք մեկ այլ նամակ էլ են պատրաստում՝ պահանջելով մի շարք երկրների դեսպանատներից Գագիկ Պողոսյանին զրկել այդ երկրների մուտքի վիզաներից:
Այս պահին ստորագրահավաքը շարունկավում է և մի քանի օրից այն կուղարկվի վերոնշյալ հասցեատերերին:
Նամակներն ուղարկվելու են ՀՀ Արդարադատության նախարարության խորհուրդ, ԱԺ դատաիրավական հանձնաժողովի նախագահին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին և ՀՀ նախագահի աշխատակազմին: