«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հանդիպել են, և, «168 ժամ» պարբերականի համաձայն, նրանց միջև բավական ծանր խոսակցություն է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ տարաձայնությունները սկսել են նրանից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե ինքն ու Քոքոբելյանը պայմանավորվածություն են ունեցել խորհրդարանական ընտրություններից հետո մանդատները դնելու մասին:
Թերթը նշում է, որ այդ խոսակցության բովանդակության շուրջ գնահատականները խիստ տարբեր են:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում թերթի աղբյուրը նշել է, որ Քոքոբելյանը որոշակի պայմաններ է դրել Հովհաննիսյանի առաջ՝ նշելով, որ դրանց չկատարման դեպքում իրենք կարող են խզել հարաբերությունները «Ժառանգության» հետ:
Ըստ ԱԴ-ի աղբյուրի՝ Քոքոբելյանը «սպառնացել է Հովյաննիսյանին», մինչդեռ «Ժառանգության» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը 100 տոկոսանոց ճշմարտություն է ասել, և Քոքոբելյանը Րաֆֆիին չէր կարող սպառնալ, հակառակը՝ «կակ միլենկի» ներկայացել ա»:
«168 ժամը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ, ով նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության և խմբակցության ընդլայնված նիստ, որտեղ քննարկվելու են Հովհաննիսյանի և Քոքոբելյանի հանդիպման ժամանակ արծարծված հարցերը: