Եթե Հայաստանում որևէ մեկի քրեական առումով հետապնդում է, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները դրան դեմ չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի գործի մասին:
Մանուչարյանը նշել է՝ պետք է մտածել, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն դեմ չէ այդ բանին:
«Մենք չենք հավատում մեր պետական և քաղաքական գործիչների խոսքերին: Նրանք ընդամենը թույլիկ աշակերտներ են, և նրանց սովորեցնում են աշխարհի հզորները», – ասել է Մանուչարյանը:
Վարդան Օսկանյանի հետապնդումը Մանուչարյանը բացատրել է աշխարհաքաղաքական զարգացումներով:
«Բանն այն է, որ այսօր Հայաստանի համար պայքար է մղվում, Հայաստանը շատ կարևոր տեղ է քարտեզի վրա, որովհետև մի կովկասյան կարևորագույն միջանցք կա: Ով այդտեղ տնօրինում է, շատ բան է տնօրինում: Այդ կռվի մեջ մեր երկիրը շատ կարևոր կոմպոնենտներից մեկն է, որին պետք է տիրանալ: Հիմա այդ լծակներից մեկի համար պայքար է մղվում, ու լծակը, եթե չեմ սխալվում, կոչվում է ՀՀ նախագահ», -հայտարարել է բանախոսը:
Նա ընդգծել է, որ ամեն մեկը փորձում է իր դիրքերը ուժեղացնել՝ տիրանալով այդ լծակին:
«Վերջերս շատ կատաղած է Ռուսաստանը, որը կարծում է, թե Հայաստանը պապենական գծով եկած մի ժառանգություն է, հիմա իր ձեռքից փորձում են տանել: Գնալով ավելի շատ է կասկածում, մեղադրում է՝ ում ասես, բացի ինքն իրենից, ու այս իրավիճակում, երբ այդպիսի մեծ կատաղություն կա, նա ունակ է ցանակացած գործողությունների», – նշել է Մանուչարյանը:
Բանախոսը շեշտել է, որ այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն փորձում է մանր հարվածներով չեզոքացնել Ռուսաստանի հնարավորությունները՝ մեծ աղմուկ բարձրացնելով Հայաստանում:
«Աղմուկ բարձրացնելու համար պետք է գործիք, ինչպես հայտնի է, Ռուսաստանի համար հայտարարված գործիքը «Բարգավաճ Հայաստանն» է: Պատկերացրեք մի իրավիճակ. կուսակցության երկրորդ դեմքը, որը պաշտպանված է, կարծես, Միացյալ Նահանգների նավատորմով, գոնե նավատորմում ծառայող մորմոնների կողմից ու մյուս կողմից Ռուսաստանի՝ ԲՀԿ-ի տրամադրության տակ եղած հրթիռա-միջուկային ամբողջ պոտենցիալով… մեկ էլ քրեական գործ է հարուցում Հայաստանը տնօրինող ադմինիստրացիան՝ ՀՀ կառավարությունը, ու այդ մարդը հայտնվում է հետապնդման տակ: Նույն պահին չքվում է կուսակցության առաջին դեմքը և ի՞նչ է կատարվում այդ կուսակցության երրորդից մինչ հարյուրերորդ դեմքի հետ», – ասել է բանախոսը:
Մանուչարյանի կործիքով՝ ԲՀԿ-ում շատ պրագմատիկ մարդիկ են հավաքվել:
«Դրանց այս տիպն ընկալում է ամեն չնչին ազդանշան,: Աշխարհի բոլոր նավատորմերով պաշտպանված դեմքը հայտնվեց հետապնդման տակ, այստեղից հետևություն՝ ուրեմն ինձ հետ ի՞նչ կլինի, քանի որ ինձ պաշտպանող մի նավակ էլ չկա: Հետևաբար՝ սուսուփուս, եթե հանկարծ ադմինիստրացիայի քեռին ասի՝ «խելոք մնացեք», բոլորը պետք է խելոք մնան», – ասել է Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ չեզոքացվում է Ռուսաստանի սիրելի զենքը, ինչը հասնում է Ռուսաստանին, որովհետև «զենք սարքելուց պետք է մտածի՝ ինչի՞ց է ստեղծում»:
Ինչ վերաբերում է Օսկանյանի, որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հանգամանքին, Մանուչարյանն ասել է.
«Կարծում եմ՝ ավելի կոնկրետ այս հարցին կպատասխանեն ԱՄՆ և ՌԴ դեսպանները, նրանք համատեղ ջանքերով կասեն՝ տեսնո՞ւմ են Օսկանյանի այդտեղ, թե ոչ, քանի որ այս պահին Օսկանյանն ուրիշ ֆունկցիա է տանում՝ նրանով վախեցնում ու չեզոքացնում են ռուսական համակարգը, ու դրանից հետո ուրիշ ի՞նչ ֆունկցիայի համար նա պետք կգա՝ նախագահի թեկնածո՞ւ լինել, տառապյալ բանտարկյալ լինել, նրանք կորոշեն»: