Մաշտոցի պողոտայի՝ «Գրքերի աշխարհ» խանութի դիմաց գտնվող «Սթար» սուպերմարկետի աշխատակազմը երեկ կեսօրին դրսում է հայտնվել, քանի որ տնօրինությունը որոշել է աշխատակիցներից մոտ քսան հոգու աշխատանքից ազատել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Խանութը շարունակել է բնականոն աշխատել. այդ սուպերմարկետ են բերվել նույն ցանցի այլ խանութներից աշխատակիցներ:
Թերթի թղթակցի հետ զրույցում «Սթարի» արդեն նախկին աշխատակիցներն ասել են, որ իրենց ազատել են սուպերմարկետում անցկացրած ստուգումներից հետո, քանի որ պակասորդներ են հայտնաբերվել:
Գործազուրկ դարձած մոտ 20 աշխատողները, սակայն, բողոքում են հատկապես այն փաստի դեմ, որ իրենց ազատելուց բացի՝ սուպերմարկետի տնօրինությունը որոշել է վերջնահաշվարկ չվճարել: «ՀԺ»-ն նշում է, որ նրանք հուզված էին ու վիրավորված, մի քանիսը արտասվում էին:
«Խանութում հերթական հաշվարկից հետո, որը տեղի է ունենում երեք ամիսը մեկ…հաշվարկներն իրենց չեն գոհացրել, և դրա համար պատասխանատու ենք մենք բոլորս: Մենք դառնում ենք գործազուրկ, դա դեռ հարցի այլ կողմն է, բայց մեր աշխատավարձներն էլ չեն տալիս, որպես ի՞նչ, ինչո՞ւ: Մենք հսկվում էինք տեսախցիկներով, բայց դա էլ հաշվի չի առնվել», – թերթի հետ զրույցում պատմել է բողոքողներից մեկը:
«Սթար» ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչը հետևյալ կերպ է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Այո, մեր ընկերությունն այս պահին գտնվում է ներքին կազմակերպչական բարեփոխումների փուլում: Գործընթացը նաև ներառում է Մաշտոցի 15/135 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետը: Հավատացած եղեք, «Սթար Դիվայդ» ընկերությունը գոյություն ունեցող տարաձայնությունները կլուծի ՀՀ օրենսդրության համաձայն»: