Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են հայ-ռուսաստանյան համատեղ տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր, որը նախատեսված է մինչև 2020 թվականը: Փաստաթղթի ստորագրումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ չկա գեթ մեկ ոլորտ՝ տնտեսական, մշակութային, սոցիալական, որը ստորագրված փաստաթղթում արձանագրված և արծարծված չլինի:
Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ տնտեսական համագործակցությունը մեր երկու երկրների միջև զարգանում է բավական դինամիկ կերպով:
«Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը մոտեցավ մեկ միլիարդ դոլարի շեմին: Այս տարվա 8 ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք բարձրացրել ենք շեմը 800 միլիոնով: Ինչ վերաբերում է ուղիղ ներդրումերին, ապա վերջին 20 տարիների ընթացքում դրանք կազմել են մոտ 3 միլիարդ դոլար, որից Հայաստանի տնտեսություն է ուղղվել մոտ 2.5 միլիարդ դոլար: Եվ ինչն է առավել հաճելի, որ այս ներդրումները հիմնականում կրում են ուղիղ բնույթ և կոնկրետ ներդրվում են ձեռնարկություններում, նյութատեխնիկական բազաների զարգացման վրա, բիզնեսի զարգացման վրա: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, կարծում եմ, դեռ վաղ է արդյունքներն ամփոփել, մենք վիճակագրությունը կնայենք տարվա վերջին»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը: