Քանի որ նույնասեռականների խնդիրներն արծարծող սերբական «Parada» ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար միջնորդությունը ստորագրել է ավելի քան 120 մարդ, Գերմանիայի դեսպանատունը հետ չի կանգնելու ֆիլմը ցույց տալու իր ծրագրերից: Այս մասին դեսպանատան ներկայացուցիչն ասել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի անդամ Սևակ Կիրակոսյանին:
Կիրակոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեսպանատունն այժմ դահլիճ է փնտրում ֆիլմի ցուցադրման համար և նախատեսում է այն կազմակերպվել առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Սերբիայում նույնասեռականների խնդիրներին վերաբերող «Parada» կատակերգությունը պետք է ցուցադրվեր Տիկնիկային թատրոնում և «Ակումբում», սակայն «Հայազն» միության բողոքի ակցիաներից հետո երկու կենտրոններն էլ հրաժարվել էին ֆիլմը ցույց տալ:
Ավելի վաղ ֆիլմի ցուցադրության մասին իրենց տեսակետն էին հայտնել Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և Հայաստանում ԵՄ-ի դեսպան Տրայան Հրիստեան: