Home / Հայաստան / «Համերկրացիները» տապալված ծրագիր է. Հայաստանից միևնույնն է գաղթում են

«Համերկրացիները» տապալված ծրագիր է. Հայաստանից միևնույնն է գաղթում են

Ռուսաստանյան «Համերկրացիներ» ծրագիրը մի կաթիլ է ծովում, որովհետև ծրագիրն իր մեջ ներառում է արտագաղթողների ընդամենը 5 տոկոսին՝ վերջին 5 տարիների կտրվածքով: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Չի եղել այս ծրագիրը, մենք կորցրել ենք մեկ միլիոնից ավել մարդ», – ասել է նա՝ ընդգծելով, որ «Համերկրացիրներ» իրականում տապալված ծրագիր է. այս ծրագրով անցած 3 տարիների տվյալներով ընդամենը 14.000 մարդ է մուտք գործել Ռուսաստան:

«Տարեկան մեր միգրանտների բացասական  մնացորդը կազմում է մոտավորապես 28-30.000 մարդ գնում է: Վերջին 10 տարիներին ամեն տարի այսքան մարդ է հեռացել Հայաաստանից: 2008 թվականին Հայաստանից հեռացել է 22.000 մարդ, 2009 թվականին՝ 25.000 և 2010 թվականին այդ թիվը հասել է 30.000-ի: Այսինքն սա ցույց է տալիս, որ երևույթը կա ու լինելուց բացի աճման միտում ունի», – նշել է Եգանյանը՝ շեշտելով, որ ամեն արտագաղթող այդ որոշումը հեշտությամբ չի ընդունում:

«Շատ դժվար է թողնել ու գնալ անորոշության: Բայց այդ վատն այստեղ այնքան շատ է, որ գնացողը նախընտրում է օտարության մեջ ապրել անհեռանկար,անորոշ կյանքով, քան ապրել այստեղ՝ Հայաստանում: Այսօրվա դրությամբ ապագայի բացակայությունն ու հավատի խամրումն են ստիպում մարդկանց հեռանալ Հայաստանից», – ասել է Եգանյանը՝ հիշեցնելով, որ 1990-2000 թվականներին Հայաստանից ընդմիշտ հեռացել է 800-900 հազար մարդ:

Ասուլիսի մեկ այլ մասնակից նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ վստահ է, որ մարդիկ հեռանում են, քանի որ  Հայաստանում ապագա չեն տեսնում:

«Մարդիկ մտածում են՝ «լավ, երեխես ավարտեց, բա ի՞նչ է անելու: Պետք է աշխատատեղեր ստեղծել ու մարդկանց ապահովել թե աշխատանքով, թե բարեկեցիկ պայմաններով, այլ ոչ թե հասցնել աղքատության ու թողնել, որ հեռանան», -ասել է Շահումյանը:

Բանախոսների հավաստմամբ՝ խնդիրը համակարգային է ու մինչև այդ համակարգում փոփոխություն չլինի, այս մասին խոսելն անիմաստ է:

«Բոլոր օղակները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական արմատական փոփոխության ենթարկել է պետք, սակայն դժբախտաբար դա մենք չենք տեսնում», -եզրափակել է Եգանյանը:

Tekali Taxi