Home / Հայաստան / «Նախապես գիտեին, որ հրդեհ է լինելու». Երևանի տոնին նվիրված հրավառության մասին

«Նախապես գիտեին, որ հրդեհ է լինելու». Երևանի տոնին նվիրված հրավառության մասին

Կիրակի Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ ցուցադրված հրավառության կազմակերպիչները նախապես գիտեին, որ այն հրդեհով կարող է վերջանալ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ հրդեհը ծագել է Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և Տրանսպորտի և կապի նախարարության շենքերի տանիքներին:

Թերթը նշում է, որ այս տարվա մայիսի 4-ին ՀՀԿ-ի նախընտրական համերգի ժամանակ փուչիկների պայթյունը որ մեկի համար դաս չի եղել. այս անգամ էլ «Էրեբունի-Երևան» տոնի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը որոշել է, որ հրավառությունը պետք է շենքերի տանիքներից լինի՝ ավելի ճոխ էֆեկտ ստանալու համար:

Այս մասին թերթի թղթակցին ասել է «Շարմ» ընկերության գործադիր պրոդյուսեր Ռուբեն Թորոյանը: Նա հայտնել է նաև, որ հրավառության նյութերը բերվել են Չինաստանից՝ վստահեցնելով, որ Չինաստանից հրավառության նյութեր են պատվիրում աշխարհի բոլոր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից:

«Բայց չէ՞ որ էժանից էժանն էլ կա», – գրում է թերթը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ն մայիսին գազով փուչիկներ պատվիրելիս նույնպես առաջնորդվել է «ավելի էժան» սկզբունքով. նրանց առաջարկվել է 1000 դրամանոց անվտանգ և 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ, և նրանք ընտրել են երկրորդը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի վարչության ղեկավար, գնդապետ Մուշեղ Ղազարյանը «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ իրենք նախօրոք ավազով լի պարկեր են տեղադրել տանիքներին, և հրշեջները կազմուպատրաստ կանգնած են եղել: Թերթը նշում է, սակայն, որ ականատեսների վկայությամբ, հրշեջները բավական ուշ են հասել ու մարել կրակը:

«Փաստորեն, ՀՀ ԱԻՆ-ում, Երևանի քաղաքապետարանում, «Շարմում» հնարավոր խնդիրների մասին քաջատեղյակ լինելով հանդերձ և շատ լավ իմանալով, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և տրանսպորտի և կապի նախարարության շենքերի տակ հազարավոր մարդիկ, փոքրիկ երեխաներ են խմբված լինելու, որոշել են, որ հրավառությունը պետք է կազմակերպվի հենց այդ երկու շենքերի տանիքներից, քանի որ այդպես, ըստ նրանց, ավելի «ճոխ» էր: Ըստ ականատեսների, հրավառության մասնիկներից մեկը հյուրանոցի շենքից կորագծով ընկել է ցած՝ դեպի ժողովուրդը և, բարեբախտաբար, որևէ մեկի չի վնասել: Այս կապակցությամբ էլ «Շարմ» ընկերության գործադիր պրոդյուսերն ասել է. «Հրավառության որոշ մասնիկներ ցած էին իջել, քանի որ դա հատուկ էֆեկտ էր»», – գրում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ հրավառության նյութերի ինքնարժեքը կազմել է 12-15 հազար դոլար, իսկ Չինաստանից Հայաստան տեղափոխման ծախսը, դրանք գործի գցող մասնագետների, երաժշտությանը համապատասխանեցնողների վարձավճարներն էլ գումարած, այդ թիվը եռապատկվել է:

Լուսանկարը՝ yerevan.am