Հայաստանյան հասարակությունը սկսել է վստահել հայաստանյան առցանց լրատվամիջոցներին 2008 թվականի Մարտի 1-ին հայտարարված Արտակարգ դրությունից հետո, երբ 20 օրերի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակվեց: Տարածաշրջանում Հայաստանի էլեկտրոնային դաշտն ամենազարգացածն է, ու այսօր երկրում ավելի շատ շնչելու օդ կա, քան երբևէ եղել է: Հայ մամուլի օրվա կապակցությամբ՝ անդրադառնալով մամուլի ազատության խնդրին՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ավելի հանդուրժող է, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Կարող եմ ավելի շատ համեմատել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ, և կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում գոնե վերջին 1,5 տարին առանձնանում է նրանով, որ մենք բավական ազատություն ենք ստացել:Այսօր ես սա գոնե զգում եմ «1in.am»-ի (Բաբաջանյանը նաև կայքի խմբագիրն է) պարագայում ու պետք է նշեմ, որ մենք կարողանում ենք վայրկենական նաև արձագանքների շնորհիվ հասնել ու փոքր-ինչ ազդել որոշումների վրա: Որևէ լուր տեղադրելուց հետո նախարարից կամ գերատեսչական մարմնից արձագանքը չի ուշանում, և կարողանում ենք ավելի արագ լուծում գտնել այդ խնդրին ու հասնել նրան, որ մենք կարողանանք նոր լուր տեղադրել, որ խնդիրը հանգուցալուծվել է, կամ հանգուցալուծման ճանապարհին է», – ասել է Բաբաջանյանը:
Նա ընդգծել է, որ նման դեպքերը բնորոշ են հիմնականում բնապահպանության ոլորտին, մինչդեռ մյուս ոլորտներում դեռևս մեծ առաջընթաց չկա:
Epress.am-ի հետ զրույցում Բաբաջանյանը կարծիք է հայտնել, որ հայաստանյան իշխանությունները հասկանում են, թե որքան կոնսերվացվեն, որքան արգելվեն միջոցները, որքան վերահսկելի լինեն միտքն ու խնդիրը, այնքան նոր «Մարտի 1-երը» կդառնան անխուսափելի:
«Երբ որ միտքն ու խնդիրը խեղդում են, միևնույնն է՝ նա չի խեղդվում, մի օր պոռթկում է և այլ դրսևորումներ է ստանում: Կարծում եմ՝ իրենք էլ հասկանում են, որ պետք է ազատ թողնեն այս դաշտը, պատուհան թողնեն մարդկանց ազատ շնչելու», – ասել է Բաբաջանյանը: