ԱՄՆ-ի դեսպանը կպատասխանի Տիգրան Առաքելյանին վերջինիս նամակը ստանալուց հետո: Այս մասին Epress.am-ին հայտնել է ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը:
«Մենք կարդացել ենք Տիգրան Առաքելյանի՝ դեսպան Հեֆերնին ուղղված նամակին վերաբերող լուրերը հայաստանյան մամուլում: Հոկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ ԱՄՆ դեսպանատունն այդ նամակը դեռևս չէր ստացել: Նամակը ստանալուն պես դեսպանը կպատասխանի պարոն Առաքելյանին», – ասել է Թագուհի Ջահուկյանը:
Նշենք, որ քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը հոկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որում մի շարք հարցեր էր ուղղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: