Չի բացառվում, որ հաջորդ տարվա ապրիլի 1-ից Հայաստանում սպառողների համար գազի սակագինը կազմի մինչև 196 դրամ՝ գործող 132 դրամի փոխարեն: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իր աղբյուրների վրա:
«Համենայն դեպս, ըստ մեր աղբյուրների, եթե իրականանա ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ այս պահին ընթացող բանակցություններում ռուսաստանյան կողմի առաջարկած գինը, ապա բնակչությանը մատակարարվող յուրաքանչյուր խմ գազի սակագինը կկազմի հենց 196 դրամ: Դա նշանակում է, որ ՌԴ-ն գազի գնի շուրջ ընթացող բանակցություններում առաջարկում է ՀՀ-ին մատակարարվող հազար խմ գազի գինը դարձնել 330 դոլար, ներկայումս պաշտոնապես հայտարարվող 180 դոլարի փոխարեն (իրականում ներկայիս գինը մոտ 230 դոլար է): Սակայն, ավելի հավանական է թվում, որ կողմերը կհամաձայնեն հազար խմ-ի դիմաց 250-260 դոլար գնի շուրջ: Այս դեպքում բնակչությանը վաճառվող գազի սակագինը, ըստ մեր աղբյուրի, պետք է կազմի 163 դրամ: Թե նշված տարբերակներից, որի վրա կկանգնեն, կպարզվի հաջորդ տարվա գարնանը», – նշում է «ՀԺ»-ն: