Home / Հայաստան / «Արմավիան» չի հասկանում՝ ինչու է «Զվարթնոցը» կրկին դադարեցրել չվերթները

«Արմավիան» չի հասկանում՝ ինչու է «Զվարթնոցը» կրկին դադարեցրել չվերթները

Այսօր առավոտյան ժամը 11.00-ից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից անժամկետ դադարեցվել են «Արմավիա» ավիաընկերության չվերթները: Այս մասին Epress.am հետ զրույցում ասել է ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը, ով նշել է, որ պատճառը կրկին «Արմավիայի»՝ օդանավակայանին չվճարված պարտքերն են:

«Մենք ակնկալում ենք, որ ավիաընկերությունը կնվազեցնի պարտքի չափը ու կկատարի իր ստանձնած պարտականությունները: Այս պահին պարտքի ընդհանուր չափը կազմում է 3.220.000 դոլար»,- ասել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Epress.am-ի հետ զրույցում Աբրահամյանն ասել էր, որ պայմանագրով նախատեսված սահմանաչափը մոտ մեկ միլիոն դոլարով գերազանցված է, իսկ ընկերության կողմից  վճարումները կատարվում են թերի կամ չեն կատարվում:

Նշենք, որ նախորդ անգամ «Զվարթնոցն» «Արմավիայի» չվերթները դադարեցրել էր հոկտեմբերի 16-ին:

Ինչ վերաբերում է տոմսեր գնած ուղևորներին, ապա, Աբրահամյանի խոսքով, նրանց համար պատասխանատվություն է կրում միայն «Արմավիան»:

Epress.am-ի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան ասել է, որ ընկերությունը ամեն օր մարում ու նվազեցնում է ընթացիկ պարտքը:

«Այսօրվա պարտքը մարվել էր դեռ երեկ, ու ինչու է «Զվարթնոցն» առավոտից դադարեցրել թռիչքները, մեկնաբանել չեմ կարող, ուղղակի շատ ափոսում ենք մեր ուղևորներին պատճառած անհարմարությունների համար», – ասել է Ավետիսովան:

Նրա խոսքով՝ իրենց ընկերությունը հոգում է նաև ուղևորներ փոխադրման մասին:

«Արվում է հնարավոր ամեն բան՝ ուրիշ ավիաընկերություններով ուղևորներին շտապ տեղ հասցնելու համար: Առավոտից բոլորը չվերթներն իրականացվել են, հիմա միայն Մոսկվա չվերթն է, ինչն էլ բավական հեշտ է. չվերթը կիրականացվի ուրիշ ավիաընկերությունների միջոցով»,- եզրափակել է «Արմավիայի» մամուլի խոսնակը: