Home / Հայաստան / Նոր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ հերքում Քադաֆիի սպանության վարկածը. HRW-ը հայտնում է խոշտանգումների մասին

Նոր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ հերքում Քադաֆիի սպանության վարկածը. HRW-ը հայտնում է խոշտանգումների մասին

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանության տարելիցին ընդառաջ հեղափոխությունների վայրենությունները փաստող զեկույց է հրապարակել: 50 էջից բաղկացած «Բռնապետի մահը. արյունոտ վրեժը Սիրթայում» (“Death of a Dictator: Bloody Vengeance in Sirte”) զեկույցում նշված է, որ Լիբիայի իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը և չեն բացահայտել Քադաֆիի, նրա որդու և նրանց տասնյակ համակիրների մահվան հանգամանքները:

HRW-ի տվյալներով՝ Քադաֆին և նրա կողմնակիցները դաժան խոշտանգումների են ենթարկվել գերի ընկնելուց հետո, որից հետո սպանվել են: Հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Քադաֆին մահացել փոխհրաձգության ժամանակ:

Մտածված սպանության փաստն ապացուցում է բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը, որը պարունակում է խոշտանգումների դրվագներ: Տեսանյութից պարզ է դառնում, որ Քադաֆին գերի է վերցվել կենդանի, այնուհետև սպանվել է, մինչդեռ, համաձայն պաշտոնական վարկածի, բռնապետը մահացել է հիվանդանոցում, գրում է «Կոմերսանտը»:

HRW-ի ներկայացուցիչները Լիբիայի իշխանություններին տեղյակ են պահել հետազոտության արդյունքների մասին: Մասնավորապես, նշվել են հրամանատարների անունները, որոնք կարգադրել են սպանել գերիներին:

Փորձագետների կարծիքով՝ զեկույցը կարող է լուրջ հարված հասցնել Լիբիայի՝ առանց այդ էլ վարկաբեկված իշխանությունների հեղինակությանը: «Կոմերսանտը» հիշեցնում է, որ երկրի իշխանությունների վարկանիշը զգալի ընկավ Բենղազիում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանությունից հետո: