Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:
Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:
Հետընդունման համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը: