ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը Բաքու և Թբիլիսի այցելելուց հետո ժամանել է Երևան, որտեղ շարունակել է բանակցությունները ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների կապի խորացման և ժողովրդավարական արժեքների զարգացման վերաբերյալ: Իսկ ահա բանակցությունների ոչ պաշտոնական թեման վերաբերվել է Սիրիայի և Իրանի հարցերում Վաշինգթոնի հետ համագործակցությանը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ռուսաստանյան պարբերականը նշում է, որ Էրիկ Ռուբինը ծանոթացել է հարավկովկասյան պետությունների ղեկավարների տրամադրվածության հետ՝ կապված Իրանի խնդրի հետ: Դա հայտնի է դարձել միայն Թբիլիսիում կայացած հանդիպումներից հետո: Ադրբեջանական աղբյուրները, մեկնաբանելով Պետդեպի չինովնիկի այցը, բավական հակիրճ նշում էին, որ քննարկվել են տնտեսական հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը:
«Նեզավիսիմայան» նշում է, որ Հայաստանում էլ ավելի սակավախոս են եղել: ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը նշել է, որ այցի ընթացքում Ռուբինը մասնակցելու է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը:
Սակայն, նշում է թերթը, ինչպես ցույց է տալիս փորձը, պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հարավային Կովկաս ուղարկված բարձրաստիճան չինովնիկների այցերի ծրագիրը շատ քիչ դեպքերում է տարբերակված լինում յուրաքանչյուր երկրի համար, սովորաբար, նրանք բոլոր երկրներում նույն կարևոր հարցերն են քննարկում:
Դա կապված է ոչ միայն այդ երկրների խնդիրների նմանության հետ, այլ նաև էտիկական նորմերով՝ ԱՄՆ-ն միշտ ցանկանում է ցույց տալ, որ երեք երկրները հավասար են իր համար: Այդ իսկ պատճառով դժվար է ենթադրել, որ Ռուբինը Թբիլիսիում քննարկել է իրանական հարցը, իսկ Երևանում և Բաքվում՝ ոչ: