Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով սեպտեմբերի 29-ին կալանավորվել է բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, պատրաստվում է «մանրամասն ցուցմունք տալ և ամեն ինչ պատմել»: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է Օհանջանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Թերթը նշում է, որ Օհանջանյանը պատմելու շատ բան ունի, քանի որ հենց ինքն է այն մատակարարը, որից ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը խոշոր գումար էր պարտք վերցրել, ինչի մասին իր վրդովմունքն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երվանդ Վարոսյանը պատմել է, որ այժմ «Դատապարտյալների հիվանդանոցում» Օհանջանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, հրաժարվում է որևէ ցուցմունք տալ: Իսկ թե երբ պետք է ամեն ինչ պատմի, Վարոսյանը չի հստակեցրել:
Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետ. մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնամ է մինչև 8 տարվա ազատազրկում, նաև գույքի բռնագրավում):
Նշենք, որ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, որն աշխատանքից ազատվել էր նախորդ ամիս, այս պահին գտնվում է արտերկրում:
Մամուլի հրապարակումների համաձայն, Փայտյանը կապ է ունեցել բանակում գոմեշի մսի մատակարարումների հետ: