ՀՀ կառավարությունը 4 ամսում չի կարողացել պատասխանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ի մարտի 1-ի տնային կալանքի ենթարկելու և 2008-ի մարտի 1-ի ցույցը ուժով ցրելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցերին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Եվրադատարանն իր վարույթում գտնվող 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանը վերոնշյալ հարցերն ուղղել էր դեռևս այս տարվա մայիսին: Պատասխանելու ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 11-ին:
Պարզվում է` կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել: Այս մասին թերթի թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: ԵԴ-ն ընդառաջել է խնդրանքին և ժամկետը ևս երկու ամսով երկարացրել՝ մինչև նոյեմբերի 5-ը: «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը և այդ գործում նրան օգնող փաստաբանների խումբն արդեն մի քանի ամիս է՝ բոլոր գործերը մի կողմ թողած, զբաղված են մարտի 1-ի վերաբերյալ հարցերին պատասխաններ փնտրելու գործով: