Քաղաքացի Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրում է ազատել մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի միջոցառման ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործում մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանին, ով երկու օր առաջ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Այս մասին Սիմոնյանը գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ կոչ անելով բոլորին միանալ իր նամակին:
«Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ, օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, որն իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը, որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն: Կանխավ շնորհակալ եմ»,- եզրափակել է Սիմոնյանը: