ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Արմպրոդ էքսպո 2012» գյուղատնտեսական ապրանքների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսի բացումը կատարել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Ցուցահանդեսում շրջելու ընթացքում ՀՀ վարչապետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Այն հարցին, թե արդյոք ճգնաժամը չի ազդել այս ցուցահանդեսի վրա, վարչապետն ասել է.
«Դե ինքներդ տեսնում եք, որ այստեղ ճգնաժամի ոչ հոտ կա, ոչ համ, հակառակը՝ բոլոր տաղավարները, որտեղ որ մենք այցելեցինք, քննարկում էին, թե ինչ խնդիրներ ունեին, բոլորը այս տարի էական աճ են ցույց տվել ծավալների, առնվազն 20%: Մենք հանդիպեցինք ձեռնարկությունների, որոնք ծավալները կրկնապատկել են, աշխատավարձերն են ավելացրել և աշխատողների քանակն են ավելացրել իրենց մոտ: Դա, իհարկե, մեզ շատ ուրախացնում է: Այս տարվա տնտեսական աճի շարժիչը գյուղատնտեսությունն է, և մենք տեսնում ենք, որ գյուղատնտեսությունում մենք ունենք իրավիճակի որակական բարելավում: Մեր խնդիրն է պահպանել այս տեմպերը ապագա տարիների համար»,- ասել է վարչապետը:
Լրագրողներից մեկն էլ հարցրել է «Արմավիա» ընկերության մասին՝ նշելով, որ այդ ընկերությունը «մեկ թռցնում է քաղաքացիներին, մեկ չի թռցնում»: Վարչապետը հրաժարվել է պատասխանել հարցին՝ պատճառաբանելով, որ այսօր տոնական տրամադրություն է, և հորդորել է չշեղվել բուն թեմայից: