ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործը անհիմն է և նպատակ ունի խափանել գործով քննվող միջադեպի մասին մեկ այլ բողոքի քննությունը: Այս մասին Faceboоk սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է կառավարության շենքի անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված ակցիաներից մեկի ժամանակ խուլիգանություն անելու՝ այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին (լուսանկարում) «հանցագործ խուլիգան» անվանելու մեջ:
Նույն օրն ակցիայի մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Լալա Ասլիկյանը, իրենց հերթին, բողոք են ներկայացրել դատախազություն, որը մինչ այժմ չի քննվել:
«Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի ակցիայի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասելով նրա ցուցապաստառը», – ասված է բողոքի մեջ:
Գասպարին նշում է, որ հանցագործության մասին այս հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, չի քննարկվել այն պատճառաբանությամբ, որ այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, և հարցը կքննարկվի դրա շրջանակներում:
«Սակայն, ինչպես հայտնի է, դատախազության վերահսկողության ներքո աշխատող սույն գործով նախաքննության մարմինը նույնպես չի քննարկել հաղորդագրությունը և Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը՝ համարելով, որ այն չի առնչվում սույն քրեական գործին: Սա ոչ այլ ինչ է, քան խարդախություն և խաբեություն, ինչը բարեհաջող իրականացրել է դատախազությունը՝ ի դեմս մեղադրող Աֆանդյանի: Սա տիպական այն օրինակն է, թե ինչպես է ՀՀ պետական ապարատը լծվել անհատ քաղաքացու իրավունքների կողոպտման գործին, և ինչպես է ՀՀ պետական ապառատն ամեն օր աշխատում ընդդեմ ՀՀ քաղաքացու», – գրել է Վարդգես Գասպարին: